Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Առաջին կանայք տարբեր ոլորտներում

Դեռևս մեկ դար առաջ կինը համարվում էր տնային տնտեսուհի, որի տեղը խոհանոցում էր, իսկ դերը՝ երեխաներ դաստիարակելը, ուստի գիտությունը և հասարակական այլ գործունեությունը տղամարդկանց մենաշնորհն էր։ Այնուամենայնիվ, պատմության մեջ եղել են հայտնի կանայք, ովքեր վերացրել են կանանց սահմանափակ հնարավորությունների և <<թույլ սեռի>> մասին կարծրատիպերը: Մադամի բլոգում ձեզ ենք ներկայացնում կանանց, ովքեր առաջիննն էին իրենց մասնագիտական ոլորտում:

Հիպատիա Ալեքսանդրացի

Ամենահին աստղագիտական ​​գործիքներից մեկի՝ աստղալաբի ստեղծման գործում մեծ ներդրում է ունեցել աշխարհի առաջին կին գիտնական Հիպատիա Ալեքսանդրացին: Աստղալաբի միջոցով չափում էին երկնային մարմինների կոորդինատները: Հիպատիային է վերագրվում նաև թորած ջուր ստանալու և դրա խտությունը չափելու սարքի հայտնագործումը: Քանի որ Հիպատիան առաջին կինն էր գիտության ոլորտում, ժամանակին նրա հայտնագործություններին թերահավատորեն էին մոտենում՝ հաճախ վերագրելով դրանք այլ գիտնականների:

Մարիա Սկլոդովսկա-Կյուրի

Ֆրանսիացի ֆիզիկոս, քիմիկոս, ուսուցչուհի Մարիա Սկլոդովսկա-Կյուրին և նրա ամուսինը հայտնաբերել են ռադիում և պոլոնիում քիմիական տարրերը։ Նա դարձավ առաջին կինը, ով արժանացավ Նոբելյան մրցանակի:

Վալենտինա Տերեշկովա

Առաջին կին տիեզերագնացի մասին գիտեն բոլորը, քանի որ, կանանց համար արտասովոր այս մասնագիտությունն ընտրելով, նա իրականացրեց շատերի երազանքը: Տերեշկովան մինչ օրս միակ կինն է աշխարհում, որ միայնակ դուրս է եկել տիեզերք:

Սի Ջեյ Ուոկեր

Ուոկերը ոչ միայն առաջին կին գործարարն է, այլև առաջին կին-միլիոնատերը: 20-րդ դարի սկզբին սկսելով իր գործունեությունը՝ կինը հանդիպում է մեծ դժվարությունների, քանի որ բիզնես ոլորտը տղամարդկանց մենաշնորհն էր: Բացի դրանից՝ Ուոկերը նաև սևամորթ էր, ինչը էլ ավելի է դժվարացրել նրա ուղին: Չնայած խտրականությանն ու դժվարություններին՝ Սի Ջեյ Ուոկերը վաստակում է մեկ միլիոն դոլար, որը համարժեք է այսօրվա 15 միլիոնին՝ դառնալով առաջին կին միլիոնատերը:

Էլեն դե Պուրտալե

Մինչև 1900թ. օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք միայն տղամարդիկ են ունեցել: Նույն թվականին Փարիզում տեղի ունեցող օլիմպիական խաղերի ժամանակ Էլեն դե Պուրտալեն հաղթում է առագաստանավերի մրցավազքում՝ դառնալով առաջին կին օլիմպիական չեմպիոնը: Մասնակցության առաջին իսկ տարում կանայք վաստակել են 22 ոսկե մեդալ:

Այնքան մեծ հայտնագործություններ ունեն կանայք, և այնքան շատ է փոխվել աշխարհը կանանց շնորհիվ, որ նույնիսկ գնահատականներն են ավելորդ: Կանանց անսահմանափակ ներուժի և հնարավորությունների միավորման համար է ստեղծվել Madam գործարար կանանց միությունը՝ համախմբելով տնտեսության ամենատարբեր ոլորտներում հաջողության հասած կանանց: Մադամի բլոգում շատ տարբեր մոտիվացնող նյութեր կգտնեք, հետևեք նորություններին, իսկ թե ինչպես բիզնես սկսել ամուսնու հետ, ընթերցեք «Բիզնես՝ ամուսնու հետ» բլոգում: