Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Արքայադուստր Դիանայի ֆենոմենը

Նույնիսկ մահվանից տարիներ անց արքայադուստր Դիանայի երկրպագուների բանակը միայն աճում է, լրատվամիջոցները մինչ օրս նրա հետ կապված լուրեր են տարածում և հավաքում ռեկորդային դիտումներ: Ո՞րն է այս կնոջ գաղտնիքը, ինչպե՞ս նրա հանդեպ համընդհանուր սերը չի մարում. եկեք բացահայտենք միասին Մադամի բլոգում:

Հասարակ մարդկանց մոտ գտնվելու ձգտում

Թագավորական ընտանիքն ապրում է վարքագծի խիստ կանոններով և օրենքներով, ինչի պատճառով անհասանելի է թվում ողջ աշխարհին: Արքայադուստր Դիանան ըմբոստ էր և շատ հասարակ, ինչով էլ տարբերվում էր արքայական ընտանիքի մյուս անդամներից: Եթե, օրինակ, թագուհուն և արքայազնին ժողովրդից բաժանում էին թիկնապահների մեծ շարասյուները, ապա Դիանան կարող էր հայտնվել մարդկանց բազմության մեջ և ձեռքսեղմումով ողջունել բոլորին: Նա բավականին հաճախ հարցազրույցներ էր տալիս, որտեղ անկեղծ խոսում էր բոլոր իրադարձությունների մասին այնպես, ինչպես ինքն էր տեսնում դրանք: Դիանան չէր վախենում կոչումներից ևժառանգությունից զրկվելու սպառնալիքներից, քանի որ ուներ ավելի կարևոր բան՝ մարդկանց սերն ու աջակցությունը։

Բարեգործություն և մարդասիրություն

Հենց իր հումանիստական ​​հայացքներով Դիանան գրավեց միլիոնավոր մարդկանց սրտերը։ Նա ակտիվորեն զբաղվում էր բարեգործությամբ: 90-ականներին ՄԻԱՎ-ով վարակված անձի հետ ձեռքսեղմումը համարվում էր առողջությանը սպառնացող վտանգ, իսկ Դիանան դա արել է բացահայտ, առանց ձեռնոցների և փոխել ողջ աշխարհի վերաբերմունքը հիվանդության հանդեպ։ Արքայադուստրը վաճառել է իր թանկարժեք հանդերձանքները, իսկ հասույթը ուղղել բարեգործության: Իր սեփական միջոցներով նա աջակցել է քաղցկեղով հիվանդներին, հիվանդանոցներին և ծերանոցներին: Լեդի Դին իր որդիներին հաճախ էր տանում բարեգործական միջոցառումների` ցանկանալով ցույց տալ նրանց թագավորական ավելորդություններից զերծ կյանք։

Յուրօրինակ ոճ

Սկսենք ակնհայտից. Դիանան իսկապես ոճային կերպար էր: Նրանով հիացել ու նրան ընդօրինակել են ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ հիմա: Բայց խոսքը միայն հանդերձանքների մասին չէ, այլ դրանց մատուցման։ Ոճն ավելին է, քան գեղեցիկ զգեստը կամ թանկարժեք ադամանդները, Սպենսերը գիտեր, թե ինչպես լինել ուշադրության կենտրոնում առանց ավելորդությունների:

Գեղեցիկ, բայց տխուր պատմություն

Ուելսի արքայադուստրն ուներ ամեն ինչ՝ թագավորական կոչում, համընդհանուր երկրպագություն, անձնական կարծիք, սկանդալային ամուսնալուծություն, ողբերգական մահ և ամենամեծ թաղումներից մեկը: Սա նրա պատմությունն է, նրա կերպարը: Մարդկային սրտերի թագուհու նկատմամբ հավերժական սիրո ֆենոմենն այն է, որ նա հավերժ դրոշմված է մարդկանց հիշողության մեջ այնպես, ինչպիսին կար՝ միաժամանակ և՛ թերի, և՛ կատարյալ, երբեմն՝ տխուր, երբեմն՝ ուրախությունից ցնծացող, հաճախ՝ բարի, հազվադեպ՝ վրիժառու։ Դա այն Դիանա Սփենսերն էր, ով չհանձնվեց, չշեղվեց իր ճանապարհից և բարություն ու սեր բերեց այս աշխարհ: Տարիների ընթացքում հանրության առաջ ամաչկոտ Դիանան վերածվեց ինքնավստահ կնոջ։ Նա չէր վախենում բացահայտ խոսել իր անձնական խնդիրների, այդ թվում՝ ամուսնու հետ հարաբերությունների և դեպրեսիայի դեմ պայքարի մասին։

Ժամանակակից աշխարհում արքայադուստր Դիանայի նման իրական կերպարների պակաս բոլորս ենք զգում: Նա ուժեղ կնոջ վառ օրինակ է, որ սովորեցնում է չհանձնվել, չկոտրվել և հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին և արժեքներին: Հաջողության հասնում են միշտ ամենաուժեղները, իսկ Մադամը համախմբում է հաջողակ, անկոտրում և ինքնավստահ կանանց՝ բազմապատկելով նրանց ներուժը: Շարունակեք հետևել մեր նորություններին, իսկ լավատեսություն մշակելու մեթոդներին ծանոթացեք <<Ինչպե՞ս զարգացնել դրական մտածողություն>> բլոգում: