Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Ի՞նչ է կորպորատիվ մշակույթը

Կորպորատիվ մշակույթը ընկերության դեմքն է: Դա աշխատակիցների գործունեության, գործընթացների և աշխատանքային միջավայրի ամբողջությունն է՝ ընկերության ընդհանուր նպատակներին հասնելու համար: Այն նաև ներառում է, թե ինչպես է ձեր կազմակերպությունը կարգավորում հարաբերությունները աշխատակիցների, հաճախորդների և մրցակիցների հետ: Կորպորատիվ մշակույթն ուղղակի կերպով ազդում է ընկերության մասին ընկալման վրա։ Բիզնեսում այս ֆենոմենի դերը կբացահայտենք Մադամի այսօրվա բլոգում։

Կորպորատիվ մշակույթը ներառում է.

  • ընկերության արժեքները՝ բարոյական և նյութական,
  • ընկերության զարգացման ռազմավարությունը,
  • աշխատանքային թիմում վարքագծի նորմերը և կանոնները,
  • թիմի անդամների միջև հարաբերությունների սկզբունքները,
  • առաջնորդության ոճը,
  • կորպորատիվ ոճը (դրես կոդ, բրենդինգ, գրասենյակի ինտերիեր և էքստերիեր),
  • ավանդույթները և սովորույթները,
  • հաճախորդների, գործընկերների, մրցակիցների հետ հաղորդակցման ոճը և այլն։


Պարզ ասած՝ սրանք հրապարակային հիմնական ներքին կանոններ են՝ կայուն գործող ընկերությունում։ Յուրաքանչյուր խոշոր կազմակերպության հիմնական սկզբունքները փաստաթղթավորված են, և կարելի է ասել, որ ներքին օրենսդրության ուժ ունեն։ Ամեն նոր աշխատակից դառնում է կորպորատիվ մշակույթի կրող և կախված այն բանից, թե որքան են այդ արժեքները նրան հոգեհարազատ՝ ցուցաբերում է աշխատանքի արդյունավետության որոշակի մակարդակ։ Իսկ ավելի փոքր կազմակերպություններում դրանք ավելի շուտ նման են չգրված օրենքների, որոնք պարտադիր են կատարման։

Կորպորատիվ մշակույթի հիմնական կրողներն ընկերության աշխատակիցներն են։ Լավ կորպորատիվ մշակույթի առավելությունները ներառում են աշխատակիցների ակտիվ ներգրավվածություն, աշխատանքից բավարարվածություն և պատկանելության և համերաշխության խորը զգացում: Լավ կորպորատիվ մշակույթ ունեցող կազմակերպությունները գրավում են աշխատակիցների, ովքեր հաճույքով են աշխատում և կապված են զգում ընկերության հետ: Այսպես նրանք դառնում են իրենց ընկերության «դեսպանները»՝ բարձրացնելով վերջինիս հեղինակությունը և ներգրավելով բարձր որակավորում ունեցող կադրերի։

Ինչպե՞ս ներդնել կորպորատիվ մշակույթ
Նախ պետք է հասկանալ, թե ձեր հիմնական աշխատողները արդյոք կիսում են ձեր արժեքները։ Դա հնարավոր է բացահայտել տարբեր խաղերի, թիմբիլդինգների, ուսումնասիրությունների կամ պարզապես հարցումների միջոցով։ Հաջորդ քայլով պետք է մշակել վարքագծի ամենապարզ կանոնները, օրինակ՝ լինել հարգալից, ընդունել առողջ քննադատությունը, աշխատանքային խնդիրները անձնական դաշտ չմտցնել և այլն։ Շատ կարևոր է, որ թիմում լինի մեկը, ով կկարողանա դրական կերպով ազդել ընդհանուր հոգեբանական միջավայրի վրա։ Քանի որ որոշ արժեքներ ադապտացման համար ժամանակ են պահանջում, կարելի է մտածել հետաքրքիր, խաղային մեթոդներ։ Օրինակ՝ եթե ցանկանում եք, բարելավել թիմում միջանձնային հարաբերությունները, ապա կարող եք ամեն ամսվա ավարտին անցկացնել աշխատակիցների բազմակողմանի, փոխադարձ գնահատում և, վերլուծելով արդյունքները, որոշներին պարգևներ շնորհել։

Ինչու՞ է կորպորատիվ մշակույթն այդքան կարևոր

Կորպորատիվ մշակույթի կարևորությունը չի կարելի թերագնահատել: Արդյունավետ կորպորատիվ մշակույթը թույլ կտա ձեզ ստեղծել, իրականացնել հաջողված նախագծեր և գործընթացներ, բարձրացնել շահութաբերությունը և պահպանել բիզնեսի շարունակականությունը: Այն նաև կբարձրացնի աշխատակիցների ներգրավվածությունը, կապահովի հաճախորդների և շահագրգիռ կողմերի դրական գնահատական և կբարձրացնի ընդհանուր բավարարվածությունը աշխատանքից: Հեռանկարային կորպորատիվ մշակույթի շնորհիվ դուք կկարողանաք ներգրավել բիզնես գործընկերների, աշխատակիցների կամ, օրինակ, մատակարարների:

Կայուն կորպորատիվ մշակույթը ամենակարևորն է երիտասարդների համար, ովքեր նոր են մտնում աշխատանքային ոլորտ: Թեև երիտասարդները գնահատում են կայուն աշխատավարձով աշխատանքը, նրանք նաև ավելի մեծ նշանակություն են տալիս մշակույթին և հուզական միջավայրին, քանի որ մոտիվացիան ուղղակի կախման մեջ է վերջիններիցս։

Կորպորատիվ մշակույթը անձնակազմի կառավարման միջոցներից մեկն է, ինչպես նաև մարքեթինգային գործիք, որը ընկերությանը գրավիչ է դարձնում հաճախորդների, գործընկերների, աշխատանք փնտրողների համար: Այն կարող է նպատակաուղղված ձևավորվել ընկերության ղեկավարության կողմից: Եթե ​​ղեկավարությունը չի զբաղվում այս հարցով, ապա կորպորատիվ մշակույթը ստեղծվում է ինքնաբուխ՝ աշխատողների մեծամասնության կամ նրանցից ամենահեղինակավորների կողմից:

Աշխատակիցների ընտության, նրանց վերաբերմունքի և կադրերի հոսունության վրա կորպորատիվ մշակույթը մեծ ազդեցություն ունի։ Օրինակ՝ եթե ընկերությունը պատրաստ է աշխատակցի մասնագիտական զարգացման մեջ «ներդրումներ» կատարել միայն 5-6 տարի անց, ապա ընկերությունը գրավիչ չի համարվի արագ զարգացում, կարիերային աճ ակնկալող մասնագետների համար։ Կամ եթե ընկերության համար դրես-կոդը մեծ նշանակություն ունի, ապա հագուստի միջոցով ինքնադրսևորվող անհատները իրենց հարմարավետությունը ընկերությունում դժվար կգտնեն։

Կորպորատիվ մշակույթի մասին սկսում են խոսել, երբ հասկանում են, որ բացի փողից ու հետաքրքիր աշխատանքից, աշխատողներին պետք է ուրիշ բանով պահել։ Մենեջերի խնդիրն է կորպորատիվ մշակույթը վերածել իրական կառավարման գործիքի։ Այնուամենայնիվ, ընկերությունը տեղում չի կանգնում, և երբեմն հին կորպորատիվ մշակույթը կարող է արգելակ լինել զարգացման համար։ Ուստի տաբուներից խուսափելը շատ կարևոր է։

Փաստ

Հարվարդի բիզնես դպրոցի պրոֆեսորներ Ջոն Քոթերը և Ջեյմս Հեսքեթը 10 տարի վերլուծել են 207 հայտնի ընկերությունների աշխատանքը և կորպորատիվ մշակույթի ազդեցությունը նրանց տնտեսական գործունեության վրա: Նրանք եզրակացրին, որ ուժեղ մշակույթ ունեցող ընկերությունները 20-30%-ով առաջ են այն մրցակիցներից, որոնք քիչ ուշադրություն են դարձնում այս ասպեկտին կամ ընդհանրապես չեն դարձնում:

Կայուն կորպորատիվ մշակույթ ստեղծելու համար նախևառաջ պետք է հասկանալ, թե որոնք են բիզնեսի, ղեկավարության այն արժեքները, որոնք կարևոր են ձեզ համար։ Բիզնեսն էլ նման է մեծ ընտանիքի, որտեղ ավանդույթները շատ կարևոր են։ Ինքնուրույն ստեղծեք այն հիմքերը, ինչպիսին կցանկանաք տեսնել ձեր բիզնեսը ապագայում։ Մնացե՛ք Մադամի բլոգի հետ․ ինչպես նաև ընթերցեք «Բիզնես բանակցությունների կարևոր կանոններ» բլոգը։