Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

MADAM կոնֆերանսը՝ Դիլիջանում

MADAM գործարար կանանց ակումբը տարեկան 2 անգամ ունենում է հատուկ կոնֆերանս, որի ընթացքում քննարկվում են ակումբի գործունեության մանրամասները, առավելություններն ու թերացումները, նախագծվում են հետագա քայլերը, պլաններն ու ռազմավարությունը։

Այս անգամ կոնֆերանսը տեղի ունեցավ Դիլիջանում և սկսվեց ոչ ֆորմալ միջավայրում հաճելի շրջայցով, որի ընթացքում ակումբի անդամները այցելեցին Տավուշի պատմամշակութային կոթողներ, գեղատեսիլ վայրեր։ Սա հնարավորություն տվեց ակումբակիցներին՝ քննարկելու սպասվող կոնֆերանսը, պատրաստվելու և կարծիքներ փոխանակելու։

Ֆորմալ հատվածը սկսվեց ակումբի տեսլականի, առաքելության ներկայացումով՝ հատուկ այն անդամների համար, ովքեր նոր են միացել ակումբին և առաջին անգամ են մասնակցում ռազմավարական կոնֆերանսին։ Մադամի համար անչափ կարևոր է ընդհանուր արժեքներ ներդնելը, որոնք հիմք են դառնում շահավետ համագործակցությունների, վստահության մթնոլորտի ձևավորման համար։

Ապա ակումբի նախագահ Տաթև Բեյբությանը ներկայացրեց վերջին կիսամյակի ընթացքում Մադամի գործունեությունը, բոլոր այն միջոցառումները, որոնք կազմակերպվել են ակումբի անդամների համար՝ թեմատիկ դասընթացներ, թրեյնինգներ, քննարկումներ, ժամանցային ծրագրեր և գործնական շրջայցեր։ Վերջին ամիսներին ակումբն ընդլայնել է իր գործունեությունը՝ ներառելով նոր ասպեկտներ։

Իրականացվել են անդամների և վերջիններիս բիզնեսների՝ հանրությանը ներկայացման նախագծեր՝ 90+ հատուկ հոլովակների նկարահանման և լուսանկարահանումների միջոցով։ Այս նախագծերը նպաստել են ինչպես առանձին անդամների, այնպես էլ ակումբի ճանաչելիության բարձրացմանը։ Մեծ ուշադրություն և ռեսուրսներ են կենտրոնացվել ակումբի PR-ի ուղղությամբ՝ համագործակցելով հեռուստահաղորդումների, լրատվամիջոցների, ամսագրերի և այլ ընկերությունների հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվել ակումբի՝ սոցիալական ցանցերում առաջխաղացմանը՝ գործընկեր Brandon Agency-ի թիմի կողմից։ Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին նաև ակումբի կայքի քանակական և որակական ցուցանիշները։

Ակումբն ունի սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակ, ինչը ապացուցում են գործունեության հատուկ ուղղությունները։ Պայմանավորված ստեղծված իրավիճակով՝ Մադամն իրականացրել է մի շարք նախաձեռնություններ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնություն տրամադրելու նպատակով։ Այս նախաձեռնությունուն յուրաքանչյուր անդակամից ունեցել է իր մեծ ներդրումը։ Ակումբը իրականացրել է հայրենակիցներին աշխատանքով ապահովելու ծրագրեր, ինչպես նաև կազմակերպել է մասնագիտական դասընթացներ՝ նոր մասնագիտություններ ուսուցանելու նպատակով։

Մադամի շրջանակներում իրականացվել է ավելի քան 100 համագործակցություն, և միջոցառման ընթացքում անդամները հնարավորություն ունեցան գնահատելու համագործակցությունները։ Գնահատումն իրականացվեց խաղային եղանակով, որը միաժամանակ և՛ հետաքրքիր էր, և՛ տեղեկատվական։ Անդամակիցները միմյանց շնորհակալություն հայտնեցին համագործակցությունների համար, ինչպես նաև քննարկեցին առավելություններն ու թերությունները։

Քննարկվեցին ակումբի զարգացման հետագա ծրագրերը, նոր համագործակցություններն ու նախաձեռնությունները: Այժմ Մադամը նախատեսում է գործընկերություն պետական մարմինների հետ, մասշտաբների ընդլայնում և նոր անդամների ներգրավում: Մեր գերնպատակը կանանց համար բիզնեսի ապահով պայմաններ երաշխավորելն է, օրենսդրական փոփոխությունների հասնելն ու միջազգային ակտերով սահմանվող արտոնություններից օգտվելն է:

Բորդի անդամների կողմից ներկայացվեց զարգացման ռազմավարական պլանը, առաջնահերթություններն ու սպասվող քայլերը: Հանդիպումը որքան հետաքրքիր էր, այնքան էլ արգասաբեր և արդյունավետ: Առհասարակ, Մադամը լայն հնարավորությունների հարթակ է բոլոր այն գործարար կանանց համար, ովքեր ձգտում են ունենալ լայն նեթվորքինգ, բիզնես կապեր և համգործակցության շղթա:

Դե ինչ, տարին մոտենում է ավարտին, սակայն դեռ շատ ծրագրեր ունենք ավարտին հասցնելու, շարունակեք հետևել մեր նորություններին։