Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Թիմի ղեկավարման 5 կարևոր կանոն

Բիզնեսի ղեկավարները ցանկանում են, որ իրենց աշխատակիցները լավագույնս աշխատեն, որպեսզի աշխատակիցները նույնականանան ընկերության հետ և առավելագույնս նվիրվեն իրենց աշխատանքին: Բայց այդ ամենը ինքնաբերաբար չի առաջանում, դրա համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել։ Թիմի հոգեբանությունը հասկանալով, դրան համապատասխան գործելով ղեկավարը դառնում է լավ մենեջեր։ Իսկ թե որոնք են այն 5 կարևորագույն կանոնները թիմի ղեկավարման համար, կբացահայտենք միասին Մադամի բլոգում։

Թոփ մենեջերներն առանձնացնում են հետևյալ կանոնները․

Առաջինը (և ամենակարևորը)՝ հասկացեք, որ հավատարմություն = սեր:
Ոչ մի պարտավորվածության զգացում, վախ կամ «կանոնների ընդունում», որոնց մասին շատ են խոսում: Որքան էլ արհեստականորեն աշխատակիցներն ընդունեն իրենց թելադրվող կանոնները, աշխատանքի հանդեպ իրական հավատարմությունը, նվիրումը պահանջում են առաջին հերթին սեր․ սեր դեպի աշխատանք, սեր դեպի ղեկավարություն։ Որքան էլ խուսափենք ռոմանտիկայից, այս փաստը ժխտել չենք կարող։

Երկրորդ՝ չկա «միակողմանի հավատարմություն»:
Որպեսզի աշխատակիցները հավատարիմ լինեն ընկերությանը, պետք է իրենց գնահատված զգան: Դա ամենևին չի նշանակում, որ աշխատողների հետ չպետք է խոսել իրենց թերացումների մասին, ընդհակառակը՝ պետք է օգնել նրանց կատարելագործվել։ Աշխատանքը գնահատելու տարբեր մեթոդներ կան, բայց դրանցից յուրաքանչյուրի ընտրությունը խիստ անհատական է․ մեկը սիրում է անընդհատ գովեստի խոսքեր լսել, մյուսը՝ հարգանք վայելել աշխատակիցների շրջանում, երրորդը մտածում է միայն նյութական պարգևատրումների մասին։

Երրորդ՝ հետևեք կանոններին։
Անկախ նրանից, թե որքան լիբերալ է ձեր կազմակերպության մթնոլորտը, աշխատակիցները միշտ պետք է հստակ իմանան ընկերության բոլոր կանոններն ու կանոնակարգերը: Նաև յուրաքանչյուր աշխատող պետք է լավ հասկանա՝ ինչպես խնդրել արձակուրդ, աշխատավարձի ավելացում կամ կարիերային առաջընթաց: Ըստ 2015 թվականի Bloomberg-ի տվյալների՝ հարցված աշխատողների 59%-ը կողմ է եղել աշխատողների նկատմամբ խիստ գործառնական վերահսկողությանը, մինչդեռ հարցվածների 26%-ը կողմ է քվեարկել աշխատանքային գործընթացի ազատականացմանը, և վերջապես՝ 15%-ը պնդել է խիստ կանոնակարգերի և ազատականության հավասարակշռման անհրաժեշտությունը։


Չորրորդ՝ եղեք ազնիվ։
Ինչպե՞ս արդյունավետ կառավարել թիմը: Սա միանշանակ արժե անել ազնվության և օբյեկտիվության սկզբունքներով։ Միայն այս կերպ դուք կկարողանաք վստահելի հարաբերություններ հաստատել ձեր աշխատակիցների հետ և արդյունավետ հաղորդակցություն կառուցել նրանց հետ: Շատ ղեկավարներ մտածում են, որ իրենք պետք է մեկ աստիճան բարձր լինեն աշխատակիցներից և երբեք չխոստովանեն սեփական սխալների մասին, որպեսզի չկորցնեն իրենց հեղինակությունը։ Սխալների ակունքը բացահայտելը բարդ չէ, իսկ դրանից հետո աշխատակիցների կարծիքը կփոխվի դեպի վատը, եթե ամեն կերպ խուսափել եք խոստովանելուց։ Ազնվության դեպքում շահում են բոլոր կողմերը, իսկ դուք ձեռք եք բերում հարգանք։


Հինգերորդ՝ փնտրեք տաղանդներ ձեր աշխատակիցների մեջ
Յուրաքանչյուր աշխատակից ունի որոշակի հմտություններ և բացահայտում է իր ուժեղ կողմերը թիմային աշխատանքի տարբեր փուլերում։ Ուսումնասիրեք թիմի յուրաքանչյուր անդամի աշխատելաոճը․ եթե ​​դուք ի վիճակի եք հաշվի առնել և զարգացնել նրանց ուժեղ կողմերը, ապա այս ամենը կարող է դրական ազդեցություն ունենալ ամբողջ ընկերության վրա: Դուք՝ որպես մենեջեր, պետք է բացահայտեք և օգտագործեք այդ տաղանդները: Կարող եք կազմակերպել մի քանի պարապմունքներ ձեր ենթակաների հետ՝ բացահայտելու ուժեղ կողմերը, և միայն դրանից հետո նշանակեք անհատական ​​ուսուցում՝ զարգացնելու նրանց տաղանդները:

Կազմակերպություն և թիմ ղեկավարելը ամենաբարդ առաջադրանքներից է, սակայն միշտ հիշեք, թե ինչ է ասել լեգենդար Ջեք Ուելչը.

«Հենց դու լիդեր ես դառնում, այլ մարդիկ դառնում են քո աշխատանքի հաջողության հիմնական գործոնը: Եվ ձեր խնդիրն է պտտվել նրանց շուրջը՝ մի ձեռքում ջուր, մյուսում՝ պարարտանյութ: Ձեր թիմին վերաբերվեք ինչպես սերմերի, որոնք պետք է ծաղկած այգու վերածվեն։ Ձեր աշխատանքի էությունը այս մարդկանց զարգացումը կառավարելն է»։


Դե ինչ, շարունակեք հետևել Մադամի բլոգին՝ ծանոթանալու բիզնես ոլորտի ամենանուրբ դետալներին ու մանրուքներին, որոնք կօգնեն ձեզ դառնալ ավելի լավ առաջնորդ։ Բոլոր աշխատանքները հասցնելու, կենտրոնանալու և արդյունավետ գործելու գաղտնիքներին ծանոթացեք «Ինչպես բարելավել անձնական արդյունավետությունը» բլոգում։