Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Հոգեբանության առաջին հայալեզու հանրագիտարանը

«MADAM» գործարար կանանց ակումբի անդամ Մարիամ Մեհրաբյանի նախաձեռնությամբ և հեղինակությամբ վերջերս լույս տեսավ գործնական մեծ նշանակություն ունեցող հոգեբանության առաջին հայալեզու հանրագիտարանը՝ նվիրված «Ժեստ» հոգեբանական կենտրոնի 15-ամյակին: Այն գիտագործնական հանրագիտարան է, որը մշակվել է 5 տարվա ընթացքում: Մասնագետների, ուսանողների և հոգեբանություն ուսումնասիրողների համար նախատեսված այս հանրամատչելի հանրագիտարանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն հիմնված է հայկական իրականության վրա: Ինչպես նշում է հեղինակը. «Հոգեբանության մասին դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ուղեցույցներ շատ կան, սակայն գործնական նյութի պակաս ոլորտում միշտ զգացվել է, և հենց այդ բացը լրացնելու համար է ստեղծվել հանրագիտարանը: Այլ դասագրքերում հաճախ ներկայացվում է ուղղությունը, տեխնիկան, բայց դրանք ոչ միշտ են լինում գործնականում կիրառելի: Ստեղծված հանրագիտարանը հիմնված է մեր՝ հայկական փորձի վրա»:

Հանրագիտարանի գիտական հիմքը «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մասնագետների 15 տարվա մասնագիտական փորձն է: Բուն հանրագիտարանի նախապատրաստման, մշակման աշխատանքները տևել են 5 տարի և պանաջել շատ մեծ մասնագիտական ջանքեր և վերլուծություններ:

Մարիամ Մեհրաբյանը նաև նշում է, որ հայալեզու գրականության առկայությունը կնպաստի գործող մասնագետների վերազինմանը, հոգեբանների համայնքի ամրապնդմանը, վերապատրաստումների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կմեծացնի երիտասարդների հետաքրքրությունը ոլորտի հանդեպ: Հայ մասնագետների ուշադրությանը ներկայացնելուց հետո նախատեսվում է նաև գրքի թարգմանություն այլ լեզուներով՝ օտարերկրյա մասնագետներին հասանելի դարձնելու նպատակով:

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի ներդրումը ոլորտի զարգացման գործում անգնահատելի է. աշխատանքները տարվում են բոլոր ուղղություններով: Ամեն տարի անցկացվում է «Լավագույն հոգեբան-ուսանող» մրցանակաբաշխությունը հետամուսնալուծության, անօթևան մնացած երեխաների ու վախերի հաղթահարման թեմաներով: Հաղթող է ճանաչվում 100 և ավելի ժամ հետազոտական աշխատանք իրակացրած և լավագույն նորույթ առաջարկած ուսանողը: Նման շատ այլ մոտիվացնող քայլերով կենտրոնը նպաստում է ոլորտի հանդեպ հետաքրքրությանը:

«MADAM» գործարար կանանց միությունը, գնահատելով կատարված գիտական աշխատանքի դերն ու նշանակությունը, շնորհավորում է Մարիամ Մեհրաբյանին, մաղթում՝ նորանոր ձեռքբերումներ: Վստահ ենք՝ աշխատանքն արժանի է համաշխարհային հռչակի, և շուտով հայ գիտական ներուժը ևս մեկ անգամ միջազգային ճանաչում կստանա: