Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Maxim Production-ի նոր նախաձեռնությունը

Մաքսիմ պրոդաքշնը զբաղվում է կինոարտադրությամբ և թողարկել է մի քանի ֆիլմ, որոնք ունեցել են խոշոր նվաճումներ։ Ընկերության հիմնադիր Աննա Մաքսիմը Մադամ գործարար կանանց ակումբի անդամ է, դերասան և ռեժիսոր, ով հանրությանը վերջերս հայտնեց իր նոր նախագիծի մասին։

Մաքսիմ պրոդաքշնը նախաձեռնել է մի ֆիլմ՝ «Մեդալի հակառակ կողմը», որն ունի համահայկական, նույնիսկ համամարդկային մեծ նշանակություն։ Ֆիլմը ներկայացնելու է հայ ծանրորդուհի, ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքը, սպորտային կարիերան և ուղին։ Ֆիլմն ընդամենը սպորտային կենսագրություն չէ, այլ սպորտային դրամա, ոգեշնչման աղբյուր, որտեղ ներկայացված է հերոսուհու իրական կյանքը, դժվարություններն ու ապրումները։ Ֆիլմի նպատակն է ոգեշնչել ոչ միայն մարզիկներին, այլև ցանկացած մարդու, ով իր ոլորտում ցանկանում է հաջողության հասնել։ Հայ ազգի և մեր պետության համար ֆիլմի դերը անգնահատելի է․ այն աշխարհին է ներկայացնելու մեր հերոսին ու վերջինիս մեծ նվաճումները։

Ավելի քան 1 տարի է, ինչ Աննան եռանդուն և նվիրական ամենօրյա աշխատանք է տանում այս նախագծի համար, քանի որ կրում է կրկնակի պատասխանատվություն՝ հանդես գալով միաժամանակ որպես ռեժիսոր և դերասանուհի՝ Նազիկի դերում։ Հերոսուհու կերպարով պատշաճ հանդես գալու համար Աննան ամեն օր մարզվում է ծանրորդուհու հատուկ ծրագրով։ Ֆիլմի դերասանական կազմում ներգրավված են հայտնի և սիրված արտիստներ՝ Մկրտիչ Արզումանյանը, Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Դավիթ Հակոբյանը, Արտաշես Ալեքսանյանը և ուրիշներ։

Ֆիլմի թողարկման ժամկետները հայտնի կդառնան շուտով։ Շնորհավորում ենք Աննային հաջողված մեկնարկի համար և մաղթում բեղուն աշխատանք։ Շարունակեք հետևել Մադամի նորություններին՝ հարթակ, որը միավորել է մի քանի տասնյակ հաջողակ կանանց։ Ընթերցեք նաև ««Ժեստ» հոգեբանական կենտրոնի նոր մասնաճյուղերի բացումը» բլոգը։