blog

back to blogs

5 հայտնագործություն՝ կանանց կողմից

Ժամանակակից աշխարհում կյանքը շատ ավելի հեշտ է նախորդ դարերի համեմատ: Մեր կյանքն ու կենսապայմանները բարելավվել են տարբեր հայտնագործությունների շնորհիվ, օրինակ՝ մարդկանց միջև կապն ավելի է հեշտացել հեռախոսի գյուտից հետո, գազօջախի ստեղծմամբ արագացել է սննդի պատրաստման պրոցեսը: Իսկ դուք գիտե՞ք, որ առօրյա կյանքում հանդիպող շատ հայտնագործությունների հեղինակները հենց կանայք են: Madam-ի բլոգում միասին ծանոթանանք դրանցից մի քանիսին:
1. Wi-Fi
Հեդի Լամարը համբավ ձեռք բերեց ֆիլմում նկարահանվելուց հետո, որտեղ կինոյի պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց սեքսուալ բնույթի անկեղծ տեսարան, որի համար Ադոլֆ Հիտլերը նրան հայտարարեց Երրորդ Ռեյխի թշնամի, իսկ Հռոմի պապ Պիոս XII-ը լավ կաթոլիկներին հորդորեց չդիտել ֆիլմը։ Բայց Հեդին սիրում էր ոչ միայն կինոն։ 1941 թվականին նա արտոնագրեց գաղտնի հաղորդակցման սարք, որը փոխեց հեռարձակման հաճախականությունը՝ հակառակորդի համար դժվարացնելու համար: Այժմ այդ սարքն օգտագործվում է բջջային կապի և Wi-Fi-ի մեջ, և հենց դրա միջոցով է կապը տարածվում։
2. Թղթե տոպրակ
Մարգարեթ Նայթը 19-րդ դարում ստեղծել է հարթ հատակով թղթե տոպրակներ, որոնց դերը այսօր կարևորվում է ավելի քան երբևէ՝ հաշվի առնելով պլաստիկ տոպրակների վտանգը: Նա դարձավ առաջին կանանցից մեկը, ով արտոնագրեց իր գյուտը Միացյալ նահանգներում, և ոչ թե տղամարդու անունով, այլ իր իսկական անունով:
3. Շրջանաձև էլեկտրական սղոց
Զարմանալիորեն, այս սարքի հեղինակը ևս կին է: Այն հորինել է ջուլհակ Տաբիթա Բաբբիթը, ով ապրել է ամերիկյան կրոնական համայնքում։ Նա, նկատելով տղամարդկանց, ովքեր գերաններ էին սղոցում սովորական երկկողմ սղոցով, ստեղծեց շրջանաձև սղոցի առաջին նախատիպը, որը նա ամրացրեց պտտվող անիվի վրա: Գյուտի շուրջ դեռևս հակասություններ կան, և ոմանք կարծում են, որ շրջանաձև սղոցներ գոյություն են ունեցել նախկինում: Այնուամենայնիվ, զանգվածային արտադրության մեջ գործարկված առաջին սարքը ստեղծվել է հենց Տաբիթա Բաբբիթի նախատիպի հիման վրա:

4. Աման լվացող սարք
1850 թվականին երիտասարդ ամերիկացի Ջոն Գութոնը արտոնագրեց մի գյուտ, որը, ըստ նրա, կարող էր ավտոմատացնել սպասքը լվանալու գործընթացը: Գործնականում այն միայն կոտրել է ափսեները և սպասքի կեսը թողնել կեղտոտ: Արդյունքում հայտնվեց իսկական աման լվացող մեքենա՝ այն հորինել է հասարակ տնային տնտեսուհի Ժոզեֆին Քոքրեյնը 1886 թվականին։ Սարքը հիանալի լվանում էր սպասքը, ինքնին տաքացնում ջուրը պարզունակ ջեռուցման համակարգի օգնությամբ և հեշտությամբ տեղավորվում խոհանոցում։ Ժոզեֆինը շուտով կատարելագործեց իր գյուտը և նույնիսկ մեքենայի մեջ ներկառուցված չորանոց ավելացրեց:

5. Թափանցիկ ապակի
Քեթրին Բլաջեթն առաջին կինն էր, ով ֆիզիկայի դոկտորի կոչում ստացավ և աշխատեց խոշորագույն՝ General Electric ընկերությունում: Հենց նա է մշակել ապակու արտադրության տեխնոլոգիան, որով այն թափանցել է լույսի ավելի քան 99%-ը: 1939 թվականին նրա գյուտը օգտագործվել է կինոյում, իսկ այժմ այդպիսի ապակի օգտագործվում է ոսպնյակների, աստղադիտակների, մեքենայի ապակիների և պատուհանների և շատ այլ իրերի արտադրության մեջ և համարվում է բոլոր ժամանակների լավագույն գյուտերից մեկը։

Դե ինչ, այսքանն էր Madam-ի այսօրվա բլոգը, որը, հուսով ենք, ձեզ դուր եկավ: Ցանկացած ոլորտում կանայք ունեցել են և ունեն շատ մեծ ավանդ, վստահեք ձեր ուժերին, սիրելի կանայք, իսկ մեր բլոգը կդառնա ոգեշնչման աղբյուր ձեզ համար, բաց մի՛ թողեք նորությունները: