blog

back to blogs

Ի՞նչ է տալիս բիզնես միավորումների ստեղծումը

Madam-ը ստեղծվել է իրենց գործում հմտացած, կայացած, միայն դեպի առաջ ընթացող կանանց միավորելու համար, ու սա է հենց այն միջավայրը, որը տանելու է դեպի համատեղ աճի ու զարգացման: Սակայն ի սկզբանե ինչպե՞ս ստեղծվեցին գործարարների միավորումներն ու բիզնես ակումբներն ու ինչ են տալիս դրանք անդամակիցներին. հենց սա կքննարկենք Madam-ի առաջին բլոգում:

Որքան ժամանակ գոյություն ունի մարդկությունը, նույն հետաքրքրությունները կիսող մարդիկ գտնում են իրար ու պարբերաբար համախմբվում՝ ժամանակը միասին անցկացնելու, խնդիրներով ու մտքերով փոխանակվելու համար:

Ժամանակակից աշխարհում նոր ֆորմատ են գործարարների ակումբները, որտեղ համախմբվում են տնտեսության ամենատարբեր ոլորտներում գործող բիզնեսների հիմնադիրները, կիսվում են իրենց մտահոգող ընթացիկ հարցերով, լուծումների իրենց տեսլականով ու նոր գաղափարներով:

Այստեղ քննարկվում են իրական, փորձի վրա հիմնված դեպքեր բիզնեսի բոլոր բաժիններից՝ ֆինանսերից մինչև մարքեթինգ, մարդկային ռեսուրսներից մինչև արտադրական գործընթացներ:

Ակումբները կարող են լինել փակ կամ բաց: Առաջին դեպքում խոսքը գնում է որոշ չափանիշների համաձայն մանրակրկիտ ընտրության մասին, իսկ երկրորդին կարող են անդամակցել բոլորը: Փակ ակումբների դեպքում էական ցուցանիշ է ինչպես ստացվող տարեկան եկամտի մակարդակը, այնպես էլ ընկերության համբավը, համապատասխանությունը մյուս ակումբակիցներին և նրանց արժեհամակարգին:


Ինչու՞ է բիզնես ակումներին անդամակցությունն անհրաժեշտ գործարարին

Բոլոր, հատկապես սկսնակ գործարարների հիմնական խնդիրը «միայնակությունն» է: Հատկապես երբ մարդն ամբողջ կյանքում աշխատած է լինում այլ կազմակերպություններում ու սկսում է սեփական գործը, նրա խնդիրները սկսում են օտար ու անծանոթ դառնալ շրջապատի համար: Գրեթե ոչ ոք չի կարող օգնել նրան ռեսուրսների հայթայթման, կադրերի որոնման, ծառայությունների առաջխաղացման, ֆինանսների ճիշտ կառավարման հարցերում, ուստի կողքից տրվող անկանոն խորհուրդները նրան ավելի շատ խանգարում են, քան օգնում:

Ակումբը դառնում է այն օղակը, որտեղ խնդիրները լսելի են, լուծումները՝ ավելի պարզ ու հասանելի:

Բիզնեսի կառավարումը լի է ստորջրյա քարերով, որոնք տեսականում կանխատեսել հնարավոր չէ, և միայն փորձն է թույլ տալիս հեշտ ըմբռնել խնդիրը: Եվ հենց սա է ակումբակիցների միավորվելու հիմնական նպատակը. դառնալ մոտիվացիայի աղբյուր, օգնել դիմացինին խնայել ռեսուրսներ ու ժամանակ՝ շնորհիվ անցած ճանապարհի:

Գործարարների ասոցիացիաները հաճախ դառնում են նոր համագործակցությունների սկիզբ. այսինքն՝ սա միայն ժամանց չէ: Սա համատեղ ջանքերի ու ժամանակի ներդրում է հանուն նպատակների համատեղ իրագործման, փոխադարձ հարգանքի ու վստահության: Չէ՞ որ ոչ մի բիզնես առանց գործընկերների չի կառուցվում, և նեթվորքինգը օգնում է ստանալ այնպիսի էկոհամակարգ, որը բիզնեսի շարունակական զարգացման հիմքն է:

Եվ այսպիսով, ահա տասնյակ պատճառներից ընդամենը մի քանիսը, թե ինչու ենք գործարար կանանց հրավիրում՝ համալրելու Madam-ի շարքերը: Եկեք միասին կիսենք մեր զարգացման ճանապարհն ու ապացուցենք, որ կանայք կարո՛ղ են փոխել աշխարհը: