IBUKA

Հետ գնալ
Աստղիկ Քոչարյան
Աստղիկ Քոչարյան

Ձեզ ենք ներկայացնում «IBUKA»  մանկական զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Աստղիկ Քոչարյանին։

 

-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։

-Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ` բիզնես կառավարիչ, իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ մանկավարժ-հոգեբան։ Որոշեցի համատեղել երկուսը մեկում. ստեղծեցի Իբուկան` իմ երազանքների մանկական կենտրոնը:

-Ի՞նչն է ձեզ ստիպում ժպտալ։

- Գրեթե միշտ ժպտում եմ, շրջապատումս ամեն ինչ արժանի է սիրո, ժպիտի եւ հիացմունքի. ընտանիքս, աշխատակազմս, սիրելի սաներս եւ նրանց շնորհակալ ծնողները: Եվ, ի վերջո, ժպիտը ոչ միայն է ջերմացնում է դիմացինին , այլեւ` առողջություն եւ հաջողություն է մեզ բերում:

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։

- Այն փոքրիկների ձեռքերը, որոնք ամեն օր մեկնվում են դեպի ինձ, որպեսզի պարանոցիցս կախվեն, այն հուզված մայրիկները, որոնք չգիտեն ինչպես շնորհակալ լինեն իրենց երեխաների հաջողությունների համար: Այն սերը, որը ես ստանում եմ իմ սաներից եւ՛ մոտիվացնում է, եւ՛ պարտավորեցնում:

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը եւ բիզնեսը։

- Իրականում դա բարդ է, գործարար կին լինելը դառնում է բնավորություն, վարքագիծ, որը միշտ չէ, որ տանը կարողանում ես անջատել եւ լինել մայր, կին, հասցնել բոլոր տնային գործերդ: Բայց, փառք Աստծո, ունեմ օգնող եւ հասկացող ընտանիք, որտեղ բոլորս  միմյանց օգնում ենք: 

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։

- Արտաքուստ հեշտ, ներքուստ՝ շատ բարդ: Որպես մարդ՝ շատ նվիրվող եմ եւ կապվող, սրտով եմ վերաբերվում ցանկացած հարցին, եւ դժվարության կամ ձախողման դեպքում սրտով էլ ցավում եմ, բայց երբեք դա ի ցույց չեմ դրել, այդ իսկ պատճառով շատերը իմ մասին ունեն կարծիք՝ «ուժեղ կին», միակ մարդը, ում մոտ կարող եմ «տզզալ» ամուսինս է, միայն նա գիտի, թե ինչքան դժվար են հաղթահարվում խնդիրներս:

-Պատմեք ձեր նոր նախագծերի եւ ընկերության հեռանկարների մասին:

- Իբուկան վերջերս բրենդավորվեց, պաշտոնապես դարձավ մերը։ Կան պլաններ այս բրենդը ծաղկեցնել ոչ միայն որպես կրթական հաստատություններ, այլեւ մանկական տարատեսակ իրերի մեջ: Շատ չակերտներ, ցավոք, չեմ կարող բացել: Բայց լիահույս եմ, որ բոլորը շուտով տանը կունենան դեպի աստղեր ձգտող  մարդուկին: