Gazar.am

Հետ գնալ
Էլեն Թադևոսյան
Էլեն Թադևոսյան

Ձեզ ենք ներկայացնում «Gazar.am»-ի հիմնադիր տնօրեն,  Էլեն Թադևոսյանին։ 

-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես: 
-Իրականում ես մտադրություն չունեի բիզնես հիմնելու, ուղղակի որոշեցի փորձել, քանի որ սիրում եմ իմպրովիզներ, դիզայներական հետաքրքիր լուծումներ։ Այդ ընթացքում հասկացա՝ մրգի շուկայում բաց կա․ օնլայն առաքման ծառայություններ ընդհանրապես չկային, և որոշեցի, որ դա հենց այն ասպարեզն է, որը կարելի է վերածել արվեստի։ Մեզ մոտ մրգերի, բանջարեղենի առաքումը ուղղակի չի լինում, այն հետաքրքիր փաթեթավորումներով է, յուրօրինակ լուծումներով, հատուկ տուփերով՝ էկզոտիկ, գունավոր, որպեսզի մատուցումը ևս լինի գեղեցիկ։ Նվեր տուփերը, մրգային փնջերն արդեն դարձել են սովորական, բայց մենք առաջինն ենք այն սկսել։ Մեկ-երկու պատվերով հասարակությունը քիչ-քիչ սովորեց, որ կարելի է մրգեր և բանջարեղեն պատվիրել օնլայն՝ առանց տեսնելու, շոշափելու։ Մեր մտածողությունում կար այն խնդիրը, որ մարդը անպայման միրգը պետք է տեսնի, շոշափի, նոր գնում կատարի, բայց ժամանակի ընթացքում այն վերացավ, իսկ մեր նախագիծը վերածվեց բիզնեսի: 

-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ: 
-Ժպտալու համար ինձ առիթներ պետք չեն, քանի որ ես տեսակով ժպտերես մարդ եմ։ Ինձ համար ծաղիկը, ծառը,  ուղղակի երեխայի հանդիպելը, ամեն սիրուն բան առիթ է ժպտալու։ Շատ սիրով եմ ժպտում, երբ դիմացինս ժպտում է։ 

-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:
-Վաղվա օրվա գալու փաստը։ Այսինքն՝ երբ գիտես, որ վաղվա օրը գալու է, անկախ քո կամքից դու ունես նաև պատասխանատվություն, ձգտումներ, երազանքներ, որոնք դեռ անկատար են, կամ ցանկություններ։ Այս գաղափարը ինձ բավարար է։ Եթե գալու է, պետք է պատրաստ լինել, եթե չի գալու, ուրեմն պետք է այդ օրվա մեջ ավարտել։

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը: 
-Մեծ խնդիր չի հանդիսանում ինձ համար։ Ճիշտ պլանավորված օրով հասցնում եմ։ Իմ ողջ կյանքի փորձը ցույց է տվել, որ ինչքան շատ է զբաղվածությունը, այնքան շատ բան ես հասցնում։ 

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները: 
-Կախված է դժվարությունից։ Մեծ փիլիսոփաներից ասել է․ «Եթե խնդիրը կարելի է լուծել փողով, ապա դա արդեն խնդիր չէ, այլ՝ ծախս»։ Փորձում եմ միշտ լինել խաղաղ, եթե կորցնում ես ներդաշնակությունդ, հաստատ ճիշտ որոշումներ չես կարող կայացնել։  Այդ իսկ պատճառով ամեն դժվարության ժամանակ լինում եմ խաղաղ, ադեկվատ, հավասարակշռված, որպեսզի կարողանամ ճիշտ հասկանալ դժվարությունը։

-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
- Շատ մեծ պլաններ կան։ Հետաքրքիր դիզայնով մատուցումներ, և իհարկե բարելավել ծառայության, սպասարկման որակը։ Մեր նպատակը Հայաստանի սահմաններից դուրս գալն է, ֆրենչայզինգ սկսելը։