Lolo մանկական կենտրոն

Հետ գնալ
Հասմիկ Պետրոսյան
Հասմիկ Պետրոսյան


- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
- Ավարտում էի մանկավարժական համալսարանը, երբ ընդունվեցի մանկապարտեզ աշխատանքի։ Բավական երկար ժամանակ աշխատում էի պետական մանկապարտեզում։ Աշխատելուս տարիներին հայտնաբերեցի, որ իմ կոչումն է մասնագիտությունս։ Կային հարցեր, որոնք ինձ չէին բավարարում և ես որոշեցի գնալ երազանքիս հետևից, այն դատապարտելով միմիայն կատարման։ Ի դեպ, առանց որևէ աջակցության, օգնության ստեղծեցի շատերի կողմից սիրված ԼՕԼՕ մանկան կենտրոնը։ Պետք է նշեմ, ոչինչ չէր ստացվի ինձ մոտ, եթե իմ մեջքը պինդ չպահեր եղբայրս և եթե խոհանոցում անմահական շեդեվրներ չստեղծեր մայրս։ Երազանքիս կատարմանը համբերատար 7 տարի սպասել եմ։
- Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։
- Առանց ստիպելու, ես միշտ եմ շռայլ ժպտում։ Տեսակից է, ասում են, որ մենք ընտանիքով ենք առհասարակ սմայլիկ :relaxed: Ի դեպ, հետազոտողները պարզել են, որ գոյություն ունի ժպիտի 19 տեսակ, որոնք դասակարգել են 2 խմբի մեջ՝ սոցիալական ժպիտ և սրտանց։ Իմը միշտ սրտանց ժպիտ է, քանի որ երեխաներն են դրանց հիմնական պատճառը և առհասարակ ես մարդասեր տեսակ եմ։ Ա՜, լավ էր չմոռացա, կենդանիներն են լայն ժպիտիս պատճառ հաճախ հանդիսանում։ Բոլորն են տեղյակ, փողոցի ոչ մի շնիկի կողքով անտարբեր չեմ անցնում ։
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
Բարդ է, սակայն  գիտակից կինը հմտորեն համատեղում է ընտանիքն ու բիզնեսը։ Ամբողջությամբ աշխատանքին հանձնվելը, ընտանիքի համար ոչ մի րոպե չթողնելը վստահաբար անհաջողություն է: Կարևոր է հավասարակշռել: Կոնկրետ առաջարկություններ չկան, ընտրությունը յուրաքանչյուր մարդ ինքն է կատարում։ Կստեմ, եթե ասեմ, որ տան կենցաղում ամեն ինչ անթերի եմ կատարում, սակայն ինչպես նշեցի, կարևոր է առաջնահերթությունները ճիշտ սահմանել։ Փառք Աստծո, օգնող ձեռքեր ունեմ։ Իսկ աջակիցս ամուսինս է։ :upside_down_face:
- Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:
- Մոտիվացիայի պակաս երբեք չեմ ունենում, քանի որ չափազանց էնտուզիաստ եմ, անուղղելի լավատես, նաև հերիք է մի քիչ տրտնջամ, օրինակելի, թիթիզ, ուժեղ կերպարի մայրս է հայտնվում և իր կարճ և դիպուկ խոսքով թռիչքիս նոր բարձրության թևեր է տալիս։ Մոտիվացիայիս աղբյուրը նաև երեխաներն են և իրենց ցանկությունները։ Եվ այն հաղթանակները, որոնք տրվում են ինձ։ Նաև այն գրքերը, որոնք կարդում եմ։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
- Կյանքի տարբեր դժվարությունները հաղթահարելու անհրաժեշտություն մեր կյանքում անընդհատ առաջանում է։ Դրանք առաջանում են բոլորի համար և միշտ։ Դժվարությունները ինքնուրույն հաղթահարելու համար առաջին հերթին պետք է վերլուծական միտք, համբերատարություն, համառություն և քաջություն` իրերն իրենց անուններով կոչելու և սեփական վախերի հետ առերեսվելու համար: Պինդ տեսակ եմ հաղթահարում եմ արագ, նամանավանդ եթե հայացքդ երկինք ես հառում, որտեղից էլ հենց գալիս է իմ օգնությունը։ Իրեն շատ եմ սիրում, երբեք ինձ իմ դժվարությունների մեջ մենակ չի թողնում։
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
- Պատրաստվում ենք դառնալ կրթահամալիր, դպրոց-մանկապարտեզ, իսկ թե երբ ՝մի փոքր կդժվարանամ պատասխանել, քանի որ մեծ դժվարություն է առաջացնում համապատասխան տարածք նաև հողատարածք չգտնելը։ Բայց վստահաբար լինելու ենք կրթահամալիր, մոտ ապագայի խնդիր է։ Նաև նախատեսում ենք տարբեր համայնքներում մասնաճյուղեր ունենալ, ի դեպ, շուտով մեր 3-րդ՝ սկանդինավյան մոդելի անտառային մասնաշենքն է բացվելու, կրկին Ավանում, այստեղ մեղր ու կարագ է քսված, շատ ենք սիրում այս համայնքը։
Որպեսզի մեր կյանքն ամեն օր տոն դառնա, յուրաքանչյուրն իր տեղում պետք է փորձի այս աշխարհը մի քիչ ավելի լավը դարձնել. այն հրաշալի աշխարհը, որ պարգևել է մեզ Արարիչը: Երջանի՛կ եղեք: