-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես:
-«ԱՐՄՄԵՏ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Zar Macaron»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև կազմակերպությունը Հայատան է ներմուծում տնտեսական ապրանքներ, շինանյութի մեծ տեսականի և սնունդ։ Երկար տարիներ ապրել ենք Իրանում, որտեղ ունենք գունավոր մետաղների ձուլարան, և ահա, եկավ մի պահ, որ որոշեցինք վերադառնալ Հայաստան և մեր փոքրիկ լուման ունենալ հայրենիքի տնտեսության զարգացման մեջ։ Իհարկե, սկսել ամեն բան զրոյից և ինտեգրվել հայկական բիզնես ոլորտում շատ բարդ առաջադրանք էր, բայց մեզ դա հաջողվեց։ Թե ինչպես ես ներգրավվեցի բիզնեսի մեջ, ես էլ չհասկացա, պարզապես իմ ամուսնուն այդ օրերին հավատարիմ օգնական էր պետք, և ես նրա կողքին էի։
-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
-Ժպատալու բազում առիթներ կան. ժպիտը դրական լիցքեր է հաղորդում։ Կյանքը հիասքանչ է, վայելեք ամեն վայրկյանը և հաճախ ժպտացեք։ Ժպտալու համար առիթները անթիվ են, ուղղակի պետք է նկատել և գնահատել դրանք, տեսնել միայն լավը և ժպտալ։
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Ինձ մոտիվացնում են այն նպատակները, որոնք ես հստակ կազմել եմ և շարժվում եմ դեպի նրանց իրականցումը։
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
-Ընտանիքն ու բիզնեսը համատեղելու բարդ պրոցեսում շատ կարևոր է ընտանիքի յուրաքանչյուր անդամի օգնությունը։ Մեզ այդ հարցում շատ է օգնում մեր ավագ դուստրը, ինչի համար ես հոգաչափ շնորհակալ եմ իրեն։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները:
-Դժվարություններ միշտ էլ հանդիպում են բիզնեսում, կարևորը այդ դժվարությունները ճիշտ վերլուծելն է, հաղթահարելը և առաջ շարժվելը։ Եթե դժվարությունները կարելի է հաղթահարել գումարի միջոցով, ապա դրանք դժվարություններ չեն, այլ՝ ծախսեր։ Իսկ չլուծվող դժվարություններ չկան, կա ճիշտ վերլուծություն և մոտեցում։ Իսկ ամենաբարդ իրավիճակներում, իհարկե, ինձ օգնության է գալիս իմ սիրելի ամուսինը։
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
-Նոր նախագծերը շատ են բիզնեսի ոլորտում. գրեթե ամեն օր նոր գաղափարներ են ի հայտ գալիս, նոր առաջակներ ենք ստանում և հետամուտ լինում լավ գաղափարների իրագործմանը։ Այնուամենայնիվ, մեր հիմնական նախագիծը, իհարկե, գունավոր մետաղների ձուլարանն է Հայաստանում։ Տարածքը գնված է, հաստոցները արդեն պատվիրված են, շատ քիչ ժամանակ է մնացել, որ մեր արտադրամասը կսկսի գործել։